Բրատիսլավայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում փառահեղ մրցելույթ ունեցավ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը՝ տիրանալով աշխարհամասի ոսկուն: Տասնվեցամյա մեր աղջնակը անգերազանց էր կարճ ծրագրում, անգերազանց էր նաև ազատ մրցաձևում, ինչը նշանակեց, որ նա մրցակցությունից դուրս է՝ անկրկնելի է: Անցած տարի Բարսելոնով սկսվեց նրա անպարտ մրցելույթների շարքը, հուրախություն բոլորիս, շարունակվեց բրատիսլավայան հաղթահանդեսով, իսկ մինչ այդ, բոլորովին վերջերս, եղել էր Ռուսաստանի առաջնությունում նրա չեմպիոնական մրցելույթը: Մեր աղջնակը, ով պատանեկան մրցաշարերի բոլոր հնարավոր առաջնությունների հաղթող է, փաստորեն ավանդույթը շարունակում է մեծահասակների մեջ: Սրտանց շնորհավորում ենք նրան ու սպասում նվաճելիք աշխարհի ոսկուն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ